Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Սարդարապատի հերոսների
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայրերի մասնակցությամբ Մայր Տաճարում, Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1918թ. Սարդարապատի ճակատամարտի հերոսների:
Պատմական այս ճակատամարտը շրջադարձային եղավ հայ ժողովրդի կյանքում` դնելով Հայաստանի առաջին հանրապետության հիմքերը:
«Մենք հավատում ենք, որ հայ ժողովրդի հաղթանակների շարքը, որ իմաստ եւ բովանդակություն է հաղորդում հայ ժողովրդի անկախությանը, կշարունակվի նաեւ պատմության նոր ժամանակներում»,- արարողության ավարտին դիմելով ներկաներին, ասաց Տ. Շահե արք. Աճեմյանը, հորդորելով շարունակել հերոսների գործը եկեղեցաշինությամբ ու հայրենաշինությամբ:
Անուրանալի է Սբ. Էջմիածնի եւ հոգեւորականության դերը պատմական այս ճակատամարտում: Հուսահատ ու անելանելի թվացող իրավիճակում, երբ քաղաքական այրերը հորդորում էին Ամենայն Հայոց Գեւորգ Ե կաթողիկոսին լքել Մայր Աթոռն ու ավելի ապահով վայրեր մեկնել« Հայոց Հայրապետը, հակառակ այդ հորդորների, ռազմի կոչով եռանդ ու ոգի հաղորդեց հայ ժողովրդին: Ավելի քան 500 հոգեւորականներ դարձան ռազմի զինվորներ եւ Սբ© Խաչը ձեռքներին առաջնորդեցին մահապարտների գունդը` ապահովելով պատմական հաղթանակը: